Բերեժանիի (Բերժեժանի) հայկական հուշարձանները

Բերեժանին Ուկրաինայի Տերնոպոլի մարզի համանուն շրջանի կենտրոնն է։ Հայերը քաղաքում հաստատվել են XVII դարի երկրորդ կեսից և ունեցել են լայն ինքնավարություն, սեփական վոյտ և դատարան։
Բերեժանիի հայկական պատմամշակութային ժառանգության կարևոր հուշարձաններն են՝
1. Հայկական հին փայտաշեն եկեղեցին։
2. Սուրբ Աստվածածնի Անաղարտ Հղության հայ կաթոլիկ եկեղեցին, որը կառուցվել է 1764 թ.։
3. Եկեղեցուն կից շինությունները՝ զանգակատունը, դպրոցի շենքը և հոգևորականի բնակարանը, ինչպես նաև եկեղեցական համալիրը շրջապատող քարե պարիսպները (Վարդանյան, էջ 47–48)։
Սուրբ Աստվածածնի Անաղարտ Հղության (Սուրբ Գրիգոր Լուսավորչի) հայ կաթոլիկ եկեղեցին
Եկեղեցին գտնվում է Բերեժանիի Վիրմենսկա (Հայկական) փողոցում։ Այն կառուցվել է 1764 թ.՝ նախկին փայտաշեն եկեղեցու տեղում, հայ հոգևորական Դեոդատ Հորբազի նախաձեռնությամբ։ 1791 թ. սեպտեմբերի 11-ին եկեղեցին օծել է Լվովի հայ կաթոլիկ եպիսկոպոս Յակոբ Թումանովիչը (Barącz, էջ 79)։
XVIII դարի վերջին՝ Ռեչ Պոսպոլիտայի բաժանումներից հետո, Բերեժանին անցել է Ավստրիական կայսրության տիրապետության տակ։ Հայ համայնքը զրկվել է իր ինքնավարությունից և աստիճանաբար նվազել։
Այս շրջանում եկեղեցին բռնագրավվել և տարբեր նպատակներով օգտագործվել է՝ սկզբում որպես ցորենի պահեստ, այնուհետև՝ լեհ կաթոլիկ եկեղեցի, իսկ ավելի ուշ՝ զինապահեստ։ 1828 թ. հայ համայնքին հաջողվել է վերադարձնել և վերանորոգել եկեղեցին։ Նույն թվականի սեպտեմբերի 10-ին այն վերաօծել է Լվովի հայ կաթոլիկ եպիսկոպոս Սամուիլ Ստեֆանովիչը։
Եկեղեցին գործել է մինչև 1945 թ.։ Նրա վերջին հոգևոր սպասավոր Կազիմիր Ռոմաշկանը ձերբակալվել և դատապարտվել է հակախորհրդային գործունեության մեղադրանքով (Վարդանյան, էջ 46)։
Խորհրդային տարիներին եկեղեցին կրկին վերածվել է պահեստի, իսկ 1990-ական թվականների սկզբին կարճ ժամանակով տրամադրվել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն։ Այդ տարիներին շինության ներսում կատարվել են վերափոխման աշխատանքներ, որոնց ընթացքում ոչնչացվել են բազմաթիվ որմնաքանդակներ։ Դրանց հետքերը, սակայն, դեռևս պահպանվում են։
Ներկայումս եկեղեցին չի գործում։ Շինության տանիքը վթարային վիճակում է, և հուշարձանը վերանորոգման կարիք ունի (Վարդանյան, էջ 46)։

Օգտագործված գրականության ցանկ
1. Բժշկեանց, հայր Մինաս, Ճանապարհորդութիւն ի Լեհաստան, Վենետիկ, Ս. Ղազար, 1830։
2. Վարդանյան, Սահակ, «Արևմտյան Ուկրաինայի հայկական հուշարձանները», ՀՃՈՒ, Վարձք, թիվ 9, 2013։
3. Barącz, Sadok, Rys dziejów ormiańskich, Tarnopol, 1869։

Լուսանկարները՝ Սահակ Վարդանյան, «Արևմտյան Ուկրաինայի հայկական հուշարձանները», ՀՃՈՒ, Վարձք, թիվ 9, 2013։