Բրաիլայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ռումինիայի Բրաիլա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին (Calea Galați 14) քաղաքի հայ համայնքի պատմական կարևոր հուշարձաններից է։ Մինչև ներկայիս եկեղեցու կառուցումը Բրաիլայի հայերն ունեցել են փայտաշեն եկեղեցի, որը գտնվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։ Այն այրվել է 1843 թ. (Սիրունի, էջ 46)։
Իր գոյության ընթացքում եկեղեցին ենթարկվել է բազմաթիվ վերանորոգումների։ 1934 թ. այն հիմնովին վերանորոգվել է Ռումինիայի Գալաց քաղաքում բնակվող արդյունաբերող Գրիգորե Բերվիզեանուի միջոցներով։ Վերանորոգման աշխատանքներից բացի՝ նրա նախաձեռնությամբ եկեղեցու հարևանությամբ կառուցվել է նաև նոր ծխական տուն։ 1940 թ. երկրաշարժի հետևանքով եկեղեցին վնասվել է։ 1973 թ. վերանորոգման աշխատանքներն իրականացվել են արտերկրից ստացված՝ Ալեք Մանուկյանի (Alec Manuchian) նվիրատվության շնորհիվ։
Սուրբ Աստվածածին եկեղեցին քարե հիմքի վրա կառուցված, աղյուսաշեն, գմբեթավոր կառույց է։ Եկեղեցու հարևանությամբ հայտնաբերվել է 1728 թ. թվագրվող՝ ոմն Անտոնի տապանաքար։

Օգտագործված գրականության ցանկ
1. Հ. Ճ. Սիրունի, «Հայ եկեղեցին ռումեն հողի վրա», Ս. Էջմիածին, 1966:
2. Յովհաննես Գալփագեան, «Ռումանահայ գաղութը», Երևան, 2021, էջ 29։
3. «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003, էջ 444:
4. Ս. Քոլանջյան, «Բուխարեստի հայոց անցյալն ու ներկան», «Էջմիածին» ամսագիր, հունվար-փետրվար 1950, էջ 61: