Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Կոնստանցայի (վարչական կենտրոն Ռումինիայի համանուն գավառում) հայկական Սուրբ Աստվածածին հին եկեղեցին կառուցվել է 1879-1880 թթ., սակայն 1940 թ. այրվել է։ Ներկայիս Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գործում է 1880 թ. կառուցված հայկական դպրոցի շենքում, որի առաջին հարկի դահլիճը 1940 թ. տրամադրվել է եկեղեցուն։ 1948 թ. դպրոցի փակվելուց հետո ամբողջ շինությունն անցել է եկեղեցու տնօրինությանը։ Այն վերանորոգվել է 1990-1991 և 1998-2002 թթ. (ճարտ.՝ Դան Ռուսովան), իսկ մուտքի հարևանությամբ կառուցվել է զանգակատուն։
Քաղաքում պահպանվել են նաև հայ մեծահարուստների կառուցած բնակելի շենքեր։ Դրանցից առանձնանում է «Առյուծներով տունը» (Str. Dianei 1), որը 1898-1902 թթ. կառուցվել է հայ գործարար և մեծահարուստ Տիգրան Էմիրզյանի նախաձեռնությամբ (ճարտ.՝ Իոն Բերդինդեյ)։
Օգտագործված գրականության ցանկ
1. Հ. Ճ. Սիրունի, «Հայ եկեղեցին Ռումեն հողի վրա», Նիկոլա Յորգա, Էջմիածին, 1966, էջ 127-128։
2. Յովհաննես Գալփագեան, «Ռումանահայ գաղութը», Երևան, 2021, էջ 18։
3. Constanța multietnică. Istorii, case, proprietari, memorii pierdute, București, 2021, էջ 54։
4. Ararat Online, «Comorile Constanței: Farul Genovez, Palatul Manissalian și Biserica Armenească»։


