Հանրապետական գիտաժողով՝ «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով

Ս. թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը կազմակերպում են «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով հանրապետական գիտաժողով։
Գիտաժողովը տեղի կունենա Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում՝ մեկ հարկի ներքո համախմբելով Լոռվա մշակութային ժառանգության ուսումնասիրության և պահպանության տարբեր ոլորտներում մասնագիտացած հետազոտողների՝ պատմաբանների, մշակութաբանների, արվեստաբանների, հնագետների, ազգագրագետների, ճարտարապետների, վերականգնող-կոնսերվատորների, ֆոնդապահների և այլ մասնագետների։ Նրանք կներկայացնեն իրենց ընթացիկ և ավարտուն հետազոտությունների արդյունքները։
Գիտաժողովը կարևոր հարթակ է մասնագետների միջև գիտական երկխոսության ծավալման, ոլորտում իրականացվող հետազոտություններին ծանոթանալու, փորձի փոխանակման և նոր համագործակցությունների հաստատման համար։ Այն նաև կնպաստի համատեղ գիտական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը՝ միտված Լոռվա պատմամշակութային ժառանգության ուսումնասիրությանն ու պահպանությանը։