Գիտագործնական դասընթաց 2-րդ փուլ

Ս.թ. մայիսի 12-16-ը տեղի ունեցավ լուսանկարչական հավաքածուների պահպանման վերաբերյալ հայ-ֆրանսիական գիտագործնական դասընթացի 2-րդ փուլը։Դասընթացը բաղկացած էր տեսական և գործնական մասերից. լուսանկարների պահպանում, ախտանիշների հայտնաբերում և կոնսերվացման անհրաժեշտություն, պատմական ակնարկ լուսանկարչական ալբոմների ստեղծման, օգտագործման, տեսակների, ֆիզիկական վիճակի զարգացման, կատարելագործման, դրանց տեսակների, տիպերի և չափերի վերաբերյալ, գույքագրում, լուսանկարչական մեթոդներին բնորոշ աղավաղումների նույնականացում և ախտորոշում, լուսանկարների մակերեսների գնահատում և փաստաթղթավորում (գրանցում)։Դասընթացը վարում էին Կոնստանս Դյուբալը (Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտ), Ֆրանսուա Պլուան (Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտ), վերապատրաստող-վերականգնողներ լուսանկարչական գծով, Նինա Մուրաշը (վերականգնող):

Ճապոնիայի ներկայացուցիչները Կենտրոնում

Ապրիլի 22-ին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն այցելեցին Ճապոնիայի հաշվեքննիչ պալատի անդամներ, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև ճապոնական «JICA» ընկերության Վրաստանի գրասենյակի ներկայացուցիչներ։ Այցի նպատակը գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման լաբորատորիայի աշխատանքներին, կարողություններին, ինչպես նաև գտածոների վերականգնման աշխատանքներում Ճապոնիայի կառավարության նվիրատվության արդյունավետությանը ծանոթանալն էր։ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը հյուրերին ներկայացրեց վերջին չորս տարում վերականգնման լաբորատորիայի գրանցած հաջողությունները, տարեկան վերականգնվող իրերի թվային ցուցանիշները, թանգարաններ հանձնվող առարկաների քանակը, կենտրոնի կողմից իրակականացվող հնագիտական պեղումները, ինչպես նաև մյուս նախագծերը։ Կողմերը ցանկություն հայտնեցին առաջիկայում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։

Չիչխանավանքի վերածնունդը

2008 — 2013 թթ. Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի պետ՝ Ա. Նալբանդյան) պեղումներ իրականացրեց ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի Չիչխանավանքի տարածքում, որի արդյունքում բացվեցին 6֊7-րդ դդ. եկեղեցու հիմքերն ու գետնախարիսխը, մեծ թվով տապանաքարեր և հնագիտական արժեքներով հարուստ մշակութային շերտեր։Պեղումներն իրականացվեցին «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության նախաձեռնությամբ, որի գլխավոր նպատակը եկեղեցու ամբողջական վերականգնումն էր։Կարևոր էր կոթողների և ճարտարապետական մանրամասների, արձանագրությունների հայտնաբերումը:Պեղումների ընթացքում հայտնաբերված մեծաքանակ հնագիտական նյութը` խեցեղեն, որոնցից ուշագրավ են ձիթաճրագները, մետաղյա զարդեր, ուլունքներ, նետասլաք, մետաղադրամ և այլն, ուսումնասիրվեցին և վերականգնվեցին գիտահետազոտական մեր կենտրոնի հնագիտական իրերի վերականգնման բաժնում և այժմ գտնվում են Լոռի֊Փամբակի երկրագիտական թանգարանում։ Մանրամասները՝ տեսանյութում։

Պեղումներ Երևանի մանկական այգու տարածքում

2021 թ. աշնան վերջին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի վարչական տարածքում գտնվող «Մանկական այգում» իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ բացվել են աղյուսաշեն կառույցների հետքեր, կենցաղային և շինարարական խեցեղենի բեկորներ։2021 թ. դեկտեմբեր ամսին ԿԳՄՍ նախարարության հանձնարարականով Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ Մերի Սաֆարյան) փրկարարական-հետազոտական պեղումներ իրականացրեց Երևանի մանկական այգու տարածքում: Նախկինում հին Երևանի այս հատվածում գտնվել է քաղաքի կենտրոնական՝ «Ղանթարի» շուկան՝ իրեն հարակից խանութներով ու շինություններով։ Հնագիտական հարուստ նյութի մեջ ուրույն տեղ են գրավում ծխամորճները (վերականգնող՝ Ս. Խալիկյան, գրչանկարիչ՝ Թ. Հմայակյան)։Կարմրադարչնագույն, փայլեցրած մակերեսով ծխամորճներից մեկի փողին կա արաբատառ դաջվածք։ Ըստ արաբագետ Տիգրան Միքայելյանի՝ դաջված է պարսկերեն առոգանությամբ «Ռազի» կամ արաբերեն առոգանությամբ…