Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Պիտեշտ քաղաքը գտնվում է Ռումինիայի հարավում։ Ենթադրվում է, որ հայերն այստեղ հաստատվել են XIV-XVI դդ., սակայն հայկական գաղութի գոյության մասին հավաստի տեղեկությունները վերաբերում են XIX դ.։ XX դ. առաջին կեսին քաղաքում կազմակերպվել են հայերեն թատերական ներկայացումներ և հայկական երգի համերգներ։
Պիտեշտի կենտրոնում գտնվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին։ Այն հիմնադրվել է 1693 թ. և վերակառուցվել 1852 թ.։ 1882 թ. եկեղեցին վերանորոգվել և օծվել է Տ. Խորեն եպս. Նարբեյի ձեռամբ։ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի տեղեկության համաձայն՝ եկեղեցին կառուցել է Ասլան ընտանիքը, որի անդամները հետագայում ընդունել են բողոքականություն։ Եկեղեցին վերանորոգվել է նաև XX դ.՝ 1914, 1935 և 1966 թթ.։ Այդ աշխատանքների մասին վկայում են գավթի հուշատախտակն ու խճանկարի վրա փորագրված արձանագրությունը։
Պիտեշտում կանգնեցվել է նաև Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։ Հուշակոթողի հեղինակն է քանդակագործ Արտակ Համբարձումյանը։ Այն Ռումինիա է տեղափոխվել Պիտեշտի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ծխական քահանա Հեթում Թավերդյանի հոգածությամբ՝ Տ. Տաթև եպս. Հակոբյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ։ Խաչքարը օծվել է 2014 թ. սեպտեմբերի 26-ին։
Գեղաքանդակ տուֆակերտ կոթողի պատվանդանին հայերեն և ռումիներեն արձանագրություններ են, որոնք հավաստում են դրա՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված լինելը։ Հայերեն արձանագրությունն ունի հետևյալ բովանդակությունը.
«ԿԱՆԳՆԵՑԱՒ ԽԱՉՔԱՐՍ ԱՅՍ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ԲԻՒՐԱՒՈՐ ՆԱՀԱՏԱԿԱՑՆ ԱԶԳԻՍ ՀԱՅՈՑ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ ՅԸՆԹԱՑՍ ՄԵԾԻ ԵՂԵՌՆԻ ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 1915 ՅԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ։ ԱՂՕԹՔ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՆԱՀԱՏԱԿԱՑՆ ՄԵՐՈՑ»։


