Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Հոկտեմբերի 23-ին Վանաձորի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով գիտաժողովը՝ կազմակերպված ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի համատեղ նախաձեռնությամբ։
Գիտաժողովին մասնակցեցին Հայաստանի տարբեր գիտական կազմակերպություններ ներկայացնող շուրջ 30 հետազոտողներ, որոնք ներկայացրին Լոռվա պատմամշակութային ժառանգությանն առնչվող իրենց ուսումնասիրությունները։ Զեկուցումներն առանձնանում էին թեմատիկ բազմազանությամբ՝ ընդգրկելով տարածաշրջանի պատմությունը, հնագիտությունը, ճարտարապետությունը, ինչպես նաև խոհանոցը, երաժշտությունը, ասեղնագործությունը և մշակութային ժառանգության այլ ոլորտներ։
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Երանոսյանը և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանն անդրադարձան երկու հաստատությունների միջև ձևավորված համագործակցությանը՝ կարևորելով դրա զարգացումն ու շարունակականությունը։
Հնագետ Արման Նալբանդյանն իր խոսքում ընդգծեց Լոռվա հարուստ պատմամշակութային ժառանգության բազմակողմանի ուսումնասիրության կարևորությունը։ Նա նաև հիշեցրեց, որ հոկտեմբերի 24-ին լրանում է հայագետ Ալեքսանդր Երիցյանի ծննդյան 185-ամյակը։ Երիցյանն իր առաջին գիտարշավներն իրականացրել է Լոռվա տարածաշրջանում՝ այցելելով Ակներ, Դսեղ, Սանահին, Քարինջ և այլ բնակավայրեր։
«Այս գիտաժողովը նաև հարգանքի տուրք է մեծանուն հայագետի հիշատակին»,- նշել է Արման Նալբանդյանը։
Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցները կհրատարակվեն «Հուշարձան» գիտական հանդեսում՝ նպաստելով Լոռվա պատմամշակութային ժառանգության վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների տարածմանն ու հանրահռչակմանը։







