Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

Նորահայտ հուշարձան ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում

2024 թ․ փետրվարի 15-ի ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ներկայացրած նյութերի հիման վրա և մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել թվով 8 հուշարձան։
Նորահայտի կարգավիճակ ստացած հուշարձաններից է ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հնձանը (XII դ.)։
Հնձանը գտնվում է Հովհաննավանքից մոտ 150 մ հս, Քասախի եզրին։ Ենթադրաբար, Հովհանավանքի գավթի հվ եզրի՝ 1279 թ. արձանագրության մեջ հիշատակված հնձանն է։ Տարածքում առկա են տապանաքարի պահպանված հատված և խեցեղենի բազմաթիվ բեկորներ։
Հնձանն ամբողջությամբ քարանձավի մեջ է, մուտքը՝ աե կողմից, (1.6×1.8 մ), բացվում է դեպի Քասախի կիրճ։ Ներսում անորոշ հատակագծով (գրեթե շրջանաձև) երկու փոքր սենյակներ են (3,5×3,2 մ և 3,3×3,1 մ), որոնք իրարից առանձնանում են ժայռապատով ու քարաշարվածքով։ Պատերի ստորին հատվածն ու հատակը պատված են հաստ կրաշաղախով և ունեն թեքություն դեպի մուտքի դիմաց գետնափոր տեղակայված երկու կարասները։ Ձախակողմյան կարասի չափերն են՝ տրմ.՝ 0,98 մ, խոր.՝ 1,2 մ, իսկ աջակողմյանինը՝ տրմ.՝ 0,95 մ, խոր.՝ 1,0 մ)։ Կարասների միջև հեռավորությունը 0,5 մ է։
Փորձագիտական նիստին հուշարձանը և նրան առնչվող մանրամասները ներկայացրել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող Արմեն Ասատրյանը։