Վերապատրաստման դասընթաց՝ լուսանկարչական հավաքածուների լայնածավալ պահպանման վերաբերյալ

Սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մեկնարկեց ՀՀ ԿԳՄՍնախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված «Լուսանկարչական հավաքածուների լայնածավալ պահպանություն» խորագրով վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված թանգարանային ոլորտի մասնագետների համար։ Դասընթացավար՝ Պիեռ-Էմանուել Նյեբորգ (Ֆրանսիա)։Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան հավաքածուների նյութական առանձնահատկություններին, աղավաղումների պատճառներին (կլիմա, միջավայր, ջերմաստիճան և այլն) ու տեսակներին, ուսումնասիրեցին թանգարանային ֆոնդերում լուսանկարների և նեգատիվների պահպանման արդի պայմանները՝ գնահատելով դրանց ներկա վիճակը, ժամանակի և միջավայրի անբարենպաստ գործոնների առկայության դեպքում քայքայումներից զերծ պահելու նպատակով կանխարգելիչ միջոցների կիրառմանը։Մասնագետները, դասընթացավարի և ֆոնդապահի ուղեկցությամբ, ուսումնասիրեցին թանգարանում առկա լուսանկարչական ֆոնդը, այնուհետև էքսկուրսավարի հետ շրջեցին ցուցասրահում։Դասընթացավարը ներկայացրեց կիրառվող արդի մի քանի սարքեր…

Մշակութային այց՝ Իրան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը սեպտեմբերի 6-8-ը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Պատվիրակության կազմում Խաչիկ Հարությունյանը սեպտեմբերի 6-ին ներկա է եղել Շիրազ քաղաքի նշանավոր «Պերսեպոլիս» հնավայրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված բացօթյա համերգին, իսկ սեպտեմբերի 7-ին և 8-ին մասնակցել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին։Հանդիպումների ընթացքում Թեհրանի Մշակութային արժեքների պահպանության հետազոտական կենտրոնի տնօրենի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։Խաչիկ Հարությունյանը գիտահետազոտական կենտրոնի նոր հրատարակություններից փոխանցել է Իրանի ազգային գրադարանին՝ տեղում բացված «Հայկական անկյուն»-ում դրանք ընթերցողներին հասանելի դարձնելու նպատակով։

Վերականգնված գտածոներ Միրաքից

2023 թ. Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ Մ. Սիմոնյան) հնագիտական-փրկարարական պեղումներ իրականացրեց ՀՀ Արագածոտնի մարզի Միրաք համայնքի նորահայտ դամբարանադաշտի տարածքում։ Պեղվեց 8 մ տրամագծով մեկ դամբարան, որը, նախնական ուսումնասիրությամբ, թվագրվում է միջին բրոնզի դարի վերջին և ուշ բրոնզի դարի առաջին փուլերով։Հյուսիսային հատվածում՝ պատի մոտ, բացվեց յոթ կավանոթ՝ հինգ քրեղան և երկու սափոր:Բոլոր կավանոթները հայտնաբերվեցին բեկոտված և խիստ քայքայված վիճակում. խեցին փխրուն և դյուրաբեկ էր, շերտազատվող՝ հողի, կրային նստվածքների, աղային կուտակումների առկայությամբ։Բեկորները գիտահետազոտական կենտրոնի Հնագիտական գտածոների վերականգնման բաժնում մի քանի փուլով ենթարկվել են մաքրման և ամրակայման, անոթները վերականգնվել են, պակասող հատվածները՝ լրացվել (վերականգնող՝ Գ. Ստեփանյան)։

Նոր բացահայտումներ Տաթևում

Շարունակվում են Տաթևի Մեծ անապատի խցերի մաքրման և պեղման աշխատանքները (արշավախմբի ղեկավար՝ Արման Նալբանդյան)։Տարիներ շարունակ համալիրի տասնյակ կառույցներ լցված և փակված են եղել հողի հաստ շերտով։ Պեղումների ընթացքում այն աստիճանաբար հեռացվում է և բացվում են խցերի կրաշաղախված հատակները, ի հայտ են գալիս բազմաթիվ գտածոներ: Դրանցից հատկապես հետաքրքրքիր են ձիթաճրագները, սպասքի զանազան մասերը, ջնարակված խեցեղենի բեկորները, փայտե գդալն ու խցանը, կաշվի կտորները, ինչպես նաև ապակյա սրվակների բեկորները և բազմաթիվ այլ առարկաներ։Ըստ խցերի պեղումների արդյունքների, դրանց մի մասն ունեցել է տնտեսական, իսկ մյուս մասը հոգևոր նշանակություն։ Դրանցից որոշների ներսում կան պատի մեջ ագուցված կամ պատերից ընկած խաչքարեր, որոնք նույնպես նորույթ են հանրության…