Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ
Օգոստոսի 31-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մասնաշենքում մեկնարկեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համատեղ կազմակերպած՝ մշակութային ժառանգության վայրերի կայուն կառավարման վերաբերյալ քառօրյա վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված ոլորտի մասնագետների համար։
Դասընթացն իրականացվեց օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մասնաշենքում։
Վերապատրաստման նպատակն էր հայ մասնագետներին ներկայացնել ժառանգության վայրերի կառավարման մոդելները, ֆրանսիական, եվրոպական և միջազգային կառավարման հիմնական ընթացակարգերը, ինչպես նաև պետության և մասնավոր օպերատորների կողմից կառավարվող վայրերի տիպաբանությունը՝ «EPCC NATBO VIA»-ի օրինակով։
Դասընթացի բանախոսներն էին Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ Վալերի Բրուսելը և Օդիլ Տանկերեն (Ֆրանսիա)։
Վերապատրաստմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր թանգարանների, հուշարձանների պահպանության մարզային ծառայությունների, պատմամշակութային արգելոց-թանգարանների և ոլորտի այլ հաստատությունների մասնագետներ։
Քառօրյա վերապատրաստման դասընթացն ամփոփվեց սեպտեմբերի 3-ին։
Դասընթացի ավարտին բանախոսներին և վերապատրաստումն անցած մասնագետներին Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից շնորհվեցին հավաստագրեր։


