Ամրակիցի եկեղեցու վերածնունդը

Ավարտվել են Ամրակիցի (ՀՀ Լոռու մարզ) Սբ. Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կազմած գիտանախագծային փաստաթղթերի հիման վրա։Վերականգնման նախագծի պատվիրատուն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն էր։Ծրագրի ճարտարապետ-վերականգնող Անդրանիկ Սարգսյանը ներկայացնում է վերականգնման ընթացքում իրականացված աշխատանքների մասնագիտական հիմնավորումները։Մանրամասները՝ տեսանյութում. https://youtu.be/sWXl-3—3nU Ի դեպ՝ Սուրբ Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման նախագծի համար (ՀՀ Լոռու մարզ, գ. Ամրակից) Սերբիայի Ճարտարապետների Ասոցիացիայի կողմից Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ, ճարտարապետ Հովհաննես Սանամյանը և Հուշարձանների նախագծման և վերականգնման խմբի ղեկավար, ճարտարապետ-վերականգնող Անդրանիկ Սարգսյանը 2024 թ. արժանացել են «Տարվա լավագույն նախագիծ» դիպլոմին՝ «Ճարտարապետական ժառանգություն. վերականգնում» անվանակարգում։

Մասնագիտական շրջայց վերականգնման բաժնում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի «Ճարտարապետական ժառանգության վերականգնում» մագիստրատուրայի կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողները դասախոս Ն. Քալանթարյանի ուղեկցությամբ կատարեցին մասնագիտական շրջայց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում:Ուսանողները ծանոթացան հնագիտական գտածոների վերականգնման բաժնի աշխատանքներին, լաբորատորիաներին, պատմամշակութային շարժական հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման մեթոդներին, հետազոտական, վերլուծական սարքավորումներին, առկա տեխնիկատեխնոլոգիական միջոցներին:Շրջայցի ընթացքում անդրադարձ կատարվեց անշարժ և շարժական հուշարձանների ուսումնասիրության ու վերականգնողական միջամտությունների առանձնահատկություններին, խնդիրներին, նմանություններին ու տարբերություններին:

Ավարտական փուլում է Լոռե բերդ քաղաքատեղիի եկեղեցու վերականգնումը

Լոռե բերդ քաղաքատեղին միջնադարյան Հայաստանի ամրաշինական լավագույն կառույցներից է՝ հայտնի և անհայտ մշակութային իր հարուստ շերտերով։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ ներկայում վերականգնվում են հուշարձանային այս համակառույցի գրեթե բոլոր հայտնի ենթահուշարձանները։Տեսանյութում ներկայացվում է վերականգնման ավարտական փուլին մոտեցող քաղաքատեղիի եկեղեցին, որը տարբեր ժամանակներում գործածվել է նաև այլ նպատակներով՝ կրելով ներքին և արտաքին զանազան միջամտություններ։ Հիշեցնենք, որ վերականգնման նպատակով կատարված հնագիտական պեղումները, հետազոտական անհրաժեշտ աշխատանքները, ինչպես նաև համակառույցի բոլոր ենթահուշարձանների վերականգնման նախագծերը դարձյալ նախարարության ֆինանսավորմամբ իրականացրել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։

Կենդանաբանական գտածո Տաթևի Մեծ անապատից

2025 թ. Տաթևի Մեծ անապատի պեղումների (արշավախմբի ղեկ.՝ Ա. Նալբանդյան) ժամանակ եկեղեցու հարավային ավանդատնից հայտնաբերվեց չղջիկի գրեթե ամբողջական մարմին (կմախք), որը բավական հետաքրքիր նմուշ էր։Գիտահետազոտական մեր կենտրոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին և համագործակցելով տարբեր ոլորտի մասնագետների հետ՝ կենսաբաններ, հնակենդանաբաններ, երկրաբաններ, բուսաբաններ և այլն, այսօր ուսումնասիրության և մշտական պահպանության նպատակով այս ուշագրավ նյութը հանձնեց ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Կենսաբանության ամբիոնի վարիչ՝ կ.գ.թ. դոցենտ Ա. Ղազարյանին։Կարծում ենք հետազոտությունները հետաքրքիր արդյունքներ կտան, և որոշակի մանրամասներ կիմանանք տարածքի էնդեմիկ տեսակների վերաբերյալ: